Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ժամանակը նույնպես Հայրենիք է

Ժամանակը նույնպես Հայրենիք է
27.11.2018 | 00:57

30 տարեկանում համարյա ամեն գիշեր երազում տեսնում էի Վանը` քաղաքն ու լիճը: Ես, որ երբեք չեմ եղել Վանում, անգիր գիտեի քաղաքի փողոցները, եկեղեցիները, դպրոցները, վերին ու ներքին թաղամասերը, այգիները: Նույնիսկ վանեցիներին էի դեմքով ճանաչում ու լճի ձկներին: Հետո, երբ արդեն հնարավորություն կար Վան գնալու ու Վանա ծովում օծվելու, ես վախեցա, որ կորցնելու եմ երազներս: ՈՒ մինչև հիմա Վանը չեմ տեսել: Մենք բոլորս ապրում ենք երազների ու իրականության բախման պահը: Հրանտ Մաթևոսյանն ասում էր` «ժամանակը նույնպես Հայրենիք է»: ՈՒ ի՞նչ ենք մենք անում Հայրենիքի համար մեր ժամանակի հետ:


Հարցը հռետորական չէ, գերարդիական է` ընտրությունների կտրվածքով:
Երեկվանից սկսվել է քարոզարշավը: 11 քաղաքական ուժեր հնարավորն ու անհնարն անելու են ստանալու սակրալ քվեն, որ թույլ կտա մասնակցել պետական կառավարմանը օրենսդրական մակարդակով ու խորհրդարանում ձևավորել գործադիր իշխանությունը: Տեսականում: Իրական հնարավորությունները գերսահմանափակ են: Խնդիրն այն չէ, որ կա Նիկոլ Փաշինյան սուպերվարչապետ իր սուպերՔՊ-ով, որը հավակնում է ընտրություններում 70 ու ավելի տոկոս ձայների: Խնդիրը հասարակության մեջ է: Ոչ մի սոցիոլոգիական հարցում չկա, թե 2018-ի նոյեմբերին ի՞նչ ակնկալիքներ ունեն ընտրողները քաղաքական ուժերից, ի՞նչ Հայաստան են ուզում այսօր ու վաղը: Բոլոր հարցումներն ուղղված են կուսակցությունների ձայների հաշվարկին, բայց դա ձևն է, միջոցը, որով իշխանություն է ստեղծվելու, ի՞նչ է անելու իշխանությունը, ո՞րն է լինելու գործունեության բովանդակությունը` ըստ ՀՀ շարքային քաղաքացու կամ միջին վիճակագրական հայի: Սա պիտի լիներ ամենակարևոր հարցը, որ կողմնորոշեր ու ուղղորդեր կուսակցություններին իրենց ծրագրերի ու նպատակների մեջ: Քանի որ հայ քաղաքական-սոցիոլոգիական-տնտեսական-քաղաքակրթական միտքը միշտ սողում է իրադարձությունների հետևից` առաջնորդելու փոխարեն, ստանում ենք խառնիճաղանջ պատկեր, որ մասամբ համարժեք է հեղափոխության ստեղծած իրականությանը և բացարձակ համարժեք չէ հեղափոխության նպատակին: Արտահերթ ընտրությունները ասպարեզ են բերել հին ու նոր ուժերի: Հները առաջնորդվում են իրենց կիսացեցոտ ծրագրերով, որ արդիական են, որովհետև 20 տարի հիմնական խնդիրները չեն լուծվել և այսօր էլ մարդկանց կհետաքրքրեն` թեթևակի խմբագրումով ու օրվա տրենդների մեջ տեղավորելով: Նորերն առաջարկում են իբր արդիական, իրականում մակերեսային դրույթներ: Փաստացի` հասարակությունը դրվել է ընտրության առաջ, որտեղ հին ու ոչ այնքան բարի ժամանակների պես առաջնորդվելու է ոչ թե ծրագրերով, այլ քաղաքական ուժերի առաջին դեմքերի ընդունելիության կամ մերժելիության սկզբունքով: Մինչդեռ ընտրություններ-2018-ի առաջին հայտանիշը իմաստակիր լինելն է: Առաջին անգամ ընտրությունները իմաստ ունեն` ընտրությունների արդյունքներով է ձևավորվելու իշխանությունը, չեն եղել ու չեն կարող լինել նշանակումներ, Բաղրամյան 26-ում չեն կազմվել ցուցակները, չեն բաշխվել քվոտաներն ու հետընտրական պորտֆելները: Ընտրողը լիարժեք խաղի մեջ է, ու նրա ձայնի հանրագումարն է վճռորոշը: Հիմքեր կա՞ն սպասելու, որ 21-րդ դարում առաջին անգամ անցկացվելու են լավագույն ընտրությունները: Ձևի ու կազմակերպման առումով` այո, բովանդակության առումով` ոչ: 7-րդ գումարման Աժ-ն կարող է լինել գերլեգիտիմ, բայց արդյունավետությունը ստիպված է սովորել հընթացս ու հընթացս ձևակերպել պետության գերակայությունները ներքին ու արտաքին քաղաքականության մեջ: Դա հեղափոխության թողած միակ ելքն է: Պայմանով` կուսակցությունները լինեն այնքան գիտակից, որ ներկուսակցական ու միջկուսակցական հարաբերությունների պարզաբանման հարթակ չդարձնեն ԱԺ-ն: Ընտրարշավին այդ հեռանկարը չի սպառնում` ընտրարշավը հագեցած է լինելու միջկուսակցական «ասեմ-ասես»-ներով ու նույնիսկ այդ հենքի վրա է կառուցվելու որոշ ուժերի ինքնահաստատման ռազմավարությունը: Ցավոք: Կար փորձագիտական գնահատական, որ ՀՀԿ-ն է լինելու քննադատության թիրախ, իրականում ընտրողի հետ տետատետից խուսափող ու հեռակա քարոզչությունը նախընտրող ՀՀԿ-ն փորձում է ինքը թիրախավորել` ՔՊ-ի հետ հակադարձ համեմատության մեջ գտնելով իր տեղը: Նոյեմբերի 24-ի ՔՊ-ի համաերևանյան երթը վկայեց, որ մայրաքաղաքում (նաև` Հայաստանում) համընդհանուր նիկոլացում չկա: Դա երկրորդ ապացույցն էր, առաջինը Երևանի ավագանու ընտրություններին մասնակիցների 43 տոկոսն էր:

Դա դրական է թե ՔՊ-ի համար (կուսակցությունը հնարավորինս կխուսափի ՀՀԿ-ացման վտանգից), թե հասարակության (Հայաստանում չի ստեղծվի միակուսակցական համակարգ): Շատերն արձանագրում են, որ ընտրություններ-2018-ում ՔՊ-ն կունենա բացարձակ մեծամասնություն` հիշեցնելով, որ պետական կառավարման համար առավել արդյունավետը իշխող կուսակցության 40 %-ն է, որ հնարավորություն կտա մյուս ուժերին ազդել որոշումների ընդունման վրա և մրցակցային դաշտ ստեղծել, ուրեմն և` զարգացման նախադրյալներ: Կունենա՞ ՔՊ-ն 70 %: Սա, որքան էլ արտառոց հնչի, հարց է: Համենայն դեպս` իշխանության կես տարում ՔՊ-ն իրեն դրսևորել է խոստումների, բայց ոչ անհրաժեշտ քայլերի կուսակցություն: Պատահական չէ, որ նոյեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը համաերևանյան երթը անվանեց «Քավության երթ». «Սա քավության երթ էր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր որևէ պահ այս ընթացքում դառնացել են, ովքեր հիասթափություն են ապրել այս ընթացքում»: Նա երթը համարեց ուխտագնացություն երևանյան փողոցներով, որով հաստատել են հավատարմությունը «թավշյա հեղափոխության արժեքներին»։ Երթի իրական պատճառը ոչ այնքան քավությունն ու ուխտագնացությունն էր, որքան Նիկոլ Փաշինյանի մասշտաբային պոպուլիստ լինելը` ինքնավստահության համար նրան պետք է համաժողովրդական աջակցության շնչառությունն զգալ, դմփ-դմփ-հաուների մեջ խեղդել իր կասկածները, էպատաժով` հասարակության կասկածները: Նա հպարտ էր հայտարարել, որ երթը տևել է 9 ժամ 25 րոպե, ու անցել են 37,5 կմ: Անձրևոտ երթի` նախահեղափոխական ժամանակների համեմատ սակավամարդությունը նա ծածկեց ճարտասանությամբ. «Մենք սրանով ևս մեկ անգամ ցույց տվեցինք, որ մեր կամքն ամուր է քարից էլ, և մեր ոգին հանձնվել չգիտի։ Մեր ազատ Հայաստանի կառուցման ճանապարհին ոչ ոք և ոչինչ չի կանգնեցնի, մենք վայելում ենք մեր ժողովրդի վստահությունը, ժողովրդի մանդատը։ Հազարավոր քաղաքացիների աչքերի մեջ նայեցինք, ստացանք օրհնությունը և մենք ժողովրդի իշխանությամբ Հայաստանը կառաջնորդենք դեպի ազատություն, զարգացում, երջանկություն այնքան ժամանակ, որքան մեր ժողովուրդը կցանկանա»: Պատմական պահին վայել հանդիսավոր չստացվեցին եզրափակիչ հայտարարությունները Հանրապետության հրապարակում: Մարդիկ հոգնել էին ու ուզում էին տուն գնալ: Ապագա վարչապետն ասաց, որ Հայաստանում սկսվում է ժողովրդական, ոչ բռնի, թավշյա տնտեսական հեղափոխությունը, որի «արդյունքներով Հայաստանն իսկապես դառնալու է տնտեսապես զարգացած, բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, բարեկեցիկ երկիր, երջանիկ մարդկանց երկիր, ազատ մարդկանց երկիր, հզոր մարդկանց երկիր»: Դա` հավարտ, իսկ հընթացս երթի Հայաստանի հպարտ քաղաքացիներն իմացան, որ չի լինի համաձայնության կառավարություն, «պետք է լինի հստակ, ժողովրդի ուժեղ մանդատով օժտված կառավարություն», որ կլինեն սահմանադրական բարեփոխումներ, բայց կառավարման համակարգը չի փոխվի, որ սուպերվարչապետական համակարգից պիտի անցում կատարվի իրական խորհրդարանական կառավարման համակարգի, որ վարչապետի և խորհրդարանի լիազորությունների հավասարակշռություն պետք է լինի: Բայց դա առաջ էլ հայտնի էր: Միակ իրադարձային նորությունը Նիկոլ Փաշինյանի արձագանքն էր մի քանի օր առաջ ՀՀ քաղաքացիություն ստացած Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը, թե ընտրությունից հետո պետք է բանակցության նստեն Արցախի իշխանության հետ` արտահերթ իշխանափոխության ու պայթյունից խուսափելու համար: «Ես լիարժեք իմ աջակցությունն եմ հայտնել Արցախի գործող իշխանություններին և համոզված եմ, որ Արցախում տեղի կունենան հերթական ընտրություններ: Արցախի ժողովուրդը կձևավորի լեգիտիմ իշխանություն: Արցախում որոշիչ ուժն Արցախի ժողովուրդն է, և Արցախն այդպես էլ ընկալում ենք»` թեման փակեց Նիկոլ Փաշինյանը: Ընտրություններ-2018-ում «Սասնա ծռերն» իրենց նիշան գտել են ազգայնականության մեջ, նրանք տարբերվելու հարթակ չունեն և ուզում են ստանալ հասարակության այն հատվածի ձայները, որ գտնում է «Միայն զենքով կա հային փրկություն»: Այդ ռազմավարության հիմքում անկայունությունն է իբրև շարժիչ ուժ, հետևաբար «պայթյունների» ռազմավարությունը, որ եթե հիմքեր չունենան, արհեստականորեն կստեղծվեն` ինչպես ՊՊԾ գնդի գրավումը 2016-ի հուլիսին: Շանտաժ ու դեմագոգիա` գեղեցիկ փաթեթավորմամբ` Քուռ-Արաքսյան հանրապետությունից մինչև աշխարհի վերջը: Ինչու՞ ոչ: Իսկ իրականության մե՞ջ: Իրականության մեջ ԼՂՀ-ն չճանաչված պետություն է, իրավաքաղաքական առանձին կազմավորում և իր ճակատագիրը ինքն էլ պիտի որոշի` առանց արհեստածին «պայթյունների»: Հայաստանը առավել քան` իբրև ԼՂՀ անվտանգության երաշխավոր: Փաստացի` քաղաքական մտածողությամբ ՍԾ-ն մնացել է զինված խմբի կարգավիճակում, չի «նկատել», որ այլևս ազատության մեջ է ու պատասխանատու է իր հայտարարությունների համար: Ժիրայր Սեֆիլյանը հայտարարում է, որ գնում են խորհրդարան ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին, ՕԵԿ-ին թույլ չտալու կրկին մուտք գործել խորհրդարան: Եվ` դեկտեմբերի 9-ի ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանը գործելու է ամենաշատը 1,5-2 տարի, արմատական փոփոխությունները չեն կատարվել` Ընտրական օրենսգիրքը չի բարեփոխվել, ՀՀԿ-ն չի կասեցվել, քաղաքական և տնտեսական լյուստրացիա չի եղել, պատասխանատվության չեն ենթարկվել Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: ՍԾ-ն հավակնում է… երկրորդ բևեռ լինել: Այս տեսակետներով նրանք կարող են միայն ՀՅԴ-ի ձայները տանել, բայց ոչ ԱԺ մտնել: Հայաստանին պետք չէ նախնադարյան մտածողության ուժ հետհեղափոխական խորհրդարանում:


7-րդ գումարման ԱԺ-ում լինելու իրենց հաշվարկներում կարող են սխալվել ոչ միայն ՍԾ-ն ու ՀՅԴ-ն (կուսակցությունը կորցրել է ընտրազանգվածը, որ ապահովում էր ՀՀԿ-ի հետ պայմանավորվածությամբ), այլև ՀՀԿ-ն (այդպես էլ չհնչեց ՀՀԿ-ի քավության խոսքը, եղան կոչեր, բայց ոչ ապաշխարանք ու բացատրություն, թե ինչու են ՀՀԿ ցուցակին տոն տալիս նորագիրները, որ կապ չունեն ՀՀԿ-ի ոչ լավագույն, ոչ վատագույն տարիների հետ), ՕԵԿ-ը (որ մարտադաշտ բերեց վետերաններին ու հին զինանոցը) և նորաստեղծները (ոչ ժամանակ ունեն ներկայանալու ու դրական պատմություն ստեղծելու, ոչ մյուսներից շահեկանորեն տարբերվող տեսակետներ): ԲՀԿ-ն, որ բացահայտ վայելում է Նիկոլ Փաշինյանի անհասկանալի բարեհաճությունը, կպահպանի նվազագույն ներկայությունը` շնորհիվ Գագիկ Ծառուկյանի համապարփակ բարեգործության, որի շրջանակներում հայտնված ընտրողները պարտավոր են երախտապարտ լինել բարերարին` բարերարության շարունակման համար: Ի տարբերություն մյուս 10-ի` Հայաստանի զարգացումը եվրոպական վեկտորով տեսնող «Մենքը» կարող է ԱԺ մտնել իբրև այլընտրանք, ներքին ու արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման երաշխիքներ տվող միակ ուժ, որ շեշտադրում է ինքնիշխանության վերականգնումն ու տնտեսության զարգացումը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Քաղտեխնոլոգները 0-1 % ՕԳԳ են տալիս ծրագրերին ու շեշտը դնում են շփումների վրա, փորձագետները համարում են, որ իշխանության հարցը փակված է, ընտրվելու է ընդդիմություն: Քաղաքական դաշտը ասպարեզ է նետում ունեցածը, ընտրողին է վերապահված 7-րդ գումարման ԱԺ-ի որակի ապահովումը: Դեկտեմբերի 9-ը սահմանագիծ է, որ պիտի ցիկլ փակի ու նոր ցիկլ սկսի: Այլ ելք չկա: Կանք ՄԵՆՔ ու մենք ենք որոշելու մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ մեր ԺԱՄԱՆԱԿԸ:

Դիտվել է՝ 2561

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ